Posted in Մայրենի լեզու 6

Վերաբերականներ

Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի վերաբերմունքը և երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային իմաստի վերաբերականները լինում են․

  1. հաստատական
  2. գնահատողական
  3. ժխտական
  4. սաստկական
  5. երկբայական
  6. սահմանափակման
  7. կամային
    8.զիջական
    Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ,
    Գնահատողական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։
    Ժխտական վերաբերականներՈչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
    Սաստկական վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց , մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
    Երկբայական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
    Սահմանափակման վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։
    Կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
    Զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
    Ցուցական` ահա, ահավասիկ:

Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Վարպետը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ: Արմենը, իմիջիայլոց, լավ երաժիշտ է;

Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերականների վրա դրվում է հարցական նշան։
Օր.՝ Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ: (Ե. Չ.) 

Առաջադրանք:
1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։

Դժբախտաբար,  անկասկած, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

  • Հաստատական-անշուշտ, անպատճառ, իսկապես, իրոք, հիրավի, անկասկած, անպայման, արդարև
    ժխտական ՝ ո՛չ, չէ՛
  • երկբայական-գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե,
    միգուցե, մի՞թե, արդյոք
  • զգացական-բարեբախտաբար, երանի, ցավոք
  • սաստկական-նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ
  • սահմանափակման-գեթ, լոկ, գոնե, սոսկ, միայն թե, միայն
  • ցուցական-ահա, ահավասիկ
  • կամային-հապա, մի
  • զիջական-ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այսուհանդերձ, այնուամենայնիվ

2. Կազմել նախադասություններ` գործածելով անկասկած, նույնիսկ, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, մանավանդ, միմիայն վերաբերականները:

Մենք, անկասկած, կարծում ենք, որ գերիներին ամեն գնով պետք է հետ բերել։

Նույնիսկ շունն էր տխրել նրա գնալու համար։

Դուք, այնուամենայնիվ, սխալվում եք։

Կարծես թէ տղան լալիս էր պատի տակ նստած։

Նրանք ցավոք այլևս չհանդիպեցին։

Մենք իրոք մտածում ենք, որ պատերազմում պարտվեցինք դավաճանների պատճառով։

Երեխան շատ է լալիս, մանավանդ գիշերները։

Նա ասաց, որ կպատասխանի միմիայն այն դեպքում, երբ գրավոր նամակով դիմենք։



3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:

Իհարկե, անկասկած, ասես, լոկ, դժբախտաբար, իրավամբ, հիրավի, միայն, տարաբախտաբար, անշուշտ, անտարակույս, կարծես:

  • Իհարկե-անկասկած-անշուշտ-անտարակույս
  • հիրավի-իրավամբ
  • դժբախտաբար-տարաբախտաբար
  • ոկ-միայն
  • ասես-կարծես
Posted in Մայրենի լեզու 6

Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքը

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կղաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս:

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:

— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

— Ծամոն,- ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:

Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

— Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:

— Ավազակ,- ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:

— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:

— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

— Ով է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:

— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:

— Օ՜,- ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:

— Հում փղի միս,- բարձրաձայն  ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին  նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու նրա աչքերում արցունքներ երևացին:

Հացեր և առաջադրանքներ (իմ կազմած)

  1. Ով էր Էմին բնութագրիր նրան։
  2. Ջիմին սիրում էր դպրոցը։
  3. Ընգծիր բոլոր ածականները։ Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:
  4. Ինչ էր աշխատում Ջիմի հայրը։

    Առաջադրանք:
    Պատմիր քո դպրոցական առաջին օրվա մասին: